• 2025-09-16

Շրջանավարտների հոսք «Կոմիտաս» 2025․ հպարտություն, հիշողություն և ապագա

2025թ․-ի սեպտեմբերի 16-ին ՀՖՀՀ-ն կազմակերպել էր իր՝ «Կոմիտաս» անունը կրող հոսքի դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում։ Սրահում տիրում էր հուզմունքը․ ծնողներ, դասախոսներ և ընկերներ եկել էին կիսելու շրջանավարտների հպարտությունն ու ուրախությունը։ Նվիրված ծաղիկները, ժպիտները և ծափերը ապահովեցին ջերմ մթնոլորտը։

Ռեկտոր տիկին Սալվա Նակուզին բացեց հանդիսավոր արարողությունը՝ հիշեցնելով այս հոսքի անվան նշանակությունը․
«Շրջանավարտների ձեր հոսքը կրում է Կոմիտասի անունը՝ հայ մշակույթի խորհրդանշական կերպար, տոկունության, հիշողության եւ համամարդկային արժեքների մարմնավորում։ Նրա օրինակով դուք կարողացել եք երկխոսություն ստեղծել ձեր արմատների և աշխարհի, ձեր պատմության և ապագայի միջև»։

Երեկոյի ընթացքում հնչած պաշտոնական ելույթներից յուրաքանչյուրն ուղղված էր շրջանավարտներին՝ լի խրախուսական և վստահություն ներշնչող խոսքերով։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորեց հասարակության մեջ նրանց դերը․
«Դուք այժմ հայ-ֆրանսիական բարեկամության դեսպաններ եք, և ձեր ներդրումը կարևոր կլինի երկրի զարգացման մեջ»։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարը նշեց, որ ՀՖՀՀ-ի շրջանավարտները մեծ ճանաչում են վայելում աշխատաշուկայում․
«Կրկնակի դիպլոմը վստահության գրավական է գործատուների համար, իսկ ՀՖՀՀ շրջանավարտների դեպքում զբաղվածության մակարդակը հասնում է գրեթե 97 տոկոսի»։

Լիոն 3 համալսարանի փոխնախագահ Լյուդովիկ Պայեն հորդորեց ուսանողներին չբավարարվել միայն դիպլոմով․
«Այսօր շնորհվող դիպլոմը շրջանավարտները պետք է կրեն որպես նվաճումների դրոշ․ սա նոր մեկնարկ է, որովհետեւ այսուհետ ձեր գիտելիքը կիրառելու եք ի նպաստ հայ հասարակության և ամբողջ աշխարհի»։

Թուլուզի համալսարանի ներկայացուցիչ և ԻԿՄ ֆակուլտետի համադեկանը Ալեն Կրուզիլը հավելեց ոգեշնչող մի ուղերձ․
«Այսուհետ դուք ՀՖՀՀ եւ գործընկեր համալսարանների դեսպաններն եք։ Հուսով եմ՝ ձեզնից ոմանք կվերադառնան մայր բուհ դասավանդելու և իրենց ներդրումն ունենալու սերունդների կրթման մեջ։ Ձեր հաջողությունը մոտիվացիայի աղբյուր է ՀՖՀՀ բոլոր ուսանողների համար և ներշնչանք՝ հայ երիտասարդության։ Թուլուզի համալսարանի անունից շնորհավորում եմ ձեզ և մաղթում լավագույն ապագա»։

Միջոցառման գործընկերները նույնպես արտահայտեցին իրենց աջակցությունը և խրախուսանքը։ Մեր գլխավոր հովանավոր Inecobank-ի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը հիշեցրեց գիտելիքի կարևորությունը ապագայի համար․
«Հարգելի՛ ուսանողներ, այսօր դուք ավարտում եք ֆորմալ կրթության փուլը, միևնույն ժամանակ, պետք է շարունակեք անընդհատ կրթվել, որովհետև ժամանակաշրջանն է դա պահանջում։ Ձեր գիտելիքով ու փորձով միասին պետք է մեծ ջանքեր գործադրենք, որպեսզի զարգացնենք մեր տնտեսությունը և ունենանք հզոր երկիր, որի հետ ոչ ոք չի կարող հաշվի չնստել»։

Միջոցառման հովանավոր Fastex-ի գլխավոր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը ընդգծեց ՀՖՀՀ-ի դերը հասարակության մեջ․
«Հայաստանում ֆրանսիական համալսարանը դարձել է մշակութային բազմազանության և հնարավորությունների խորհրդանիշ. այն ապացուցում է, որ գիտելիքը սահմաններ չի ճանաչում։ Fastex-ն ուրախ է աջակցել այս համալսարանին, քանի որ մեզ համար կրթությունը ոչ միայն արժեք է, այլև՝ ներդրում ապագայի մեջ»։

Տոնական արարողության ողջ ընթացքում հնչում էին Կոմիտասի ստեղծագործությունները՝ խորհրդանշելով այս հոսքի անունը և ուղեկցելով շրջանավարտներին այդ յուրահատուկ օրը։ Հույզերը միախառնվել  էին հպարտությանը և ակնկալիքին։

Հերթական հոսքին ճանապարհելով՝ ՀՖՀՀ-ն վերահաստատում է իր առաքելությունը՝ յուրաքանչյուր ուսանողին առաջնորդել դեպի հաջողություն և նպաստել պատրաստակամ, լայնախոհ և հասարակության նկատմամբ պատասխանատու սերնդի ձևավորմանը։

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more