-
2025-04-22
Իրավունքը Ձեր շեմին․ ՀՖՀՀ-ում բացվեց Իրավաբանական կլինիկա
2025թ.-ի ապրիլի 16-ին տեղի ունեցավ ՀՖՀՀ-ի Իրավաբանական կլինիկայի պաշտոնական բացման արարողությունը՝ համախմբելով բազմաթիվ պատվավոր հյուրերի՝ ինստիտուցիոնալ և դիվանագիտական ներկայացուցիչների․ միջոցառմանը մասնակցեցին Ֆրանսիայի,Կանադայի, Եգիպտոսի դեսպանները և ՄԱԿ-ի ներկայացուցիչը Հայաստանում։
Միջոցառումն անցկացվեց Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Օլիվիե Գուի, ինչպես նաեւ Փաստաբանների պալատի, Փաստաբանական դպրոցի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների ներկայությամբ։
Արարողության կարևոր պահերից մեկը կարմիր ժապավենի խորհրդանշական կտրումն էր՝ ՀՖՀՀ-ի իրավաբանական ֆակուլտետի դեկան Կարին Յովսէփեանի, ռեկտոր Սալվա Նակուզիի, Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի և Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչների մասնակցությամբ։
Այս կարևոր իրադարձությունը նշելու համար եկել էին նաև բազմաթիվ շրջանավարտներ, դասախոսներ, վարչական անձնակազմի ներկայացուցիչներ և ինստիտուցիոնալ գործընկերներ:
Կլինիկա պատասխանատու քաղաքացիների ձևավորման համար
ՀՖՀՀ-ի Իրավաբանական կլինիկան իր գործունեությունը սկսել է դեռևս մարտ ամսից՝ ունենալով հստակ նպատակ իրավունքից օգտվելու հնարավորությունը դարձնել հասանելի, միաժամանակ հնարավորություն տալ ուսանողներին ձեռք բերել գործնական հմտություններ իրական դեպքերի միջոցով։ Սա ուսուցողական նախաձեռնություն է, որի շրջանակում իրավաբան ուսանողները առերեսվում են իրականության հետ ու ձեռք բերում արժեքավոր փորձ՝ անվճար իրավաբանական աջակցություն տրամադրելով դրա կարիքն ունեցողներին։
Ինչպես նշեց Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի դեկան Օլիվիե Գուն․
«Իրավաբանական կլինիկայի բացումը հիանալի հնարավորություն է ստեղծում հենց գործնական հմտությունների բարելավման համար։ Դրա նպատակն է ուսանողներին առերեսել իրականությանն ու ներգրավել իրական խնդիրների լուծման մեջ։ Շատ ուրախ եմ, որ այսօր պաշտոնապես բացում ենք ՀՖՀՀ-ի Իրավաբանական կլինիկան եւ մեծ հույս ունեմ, որ շուտով այն կմիանա միջազգային իրավաբանական կլինիկաների համայնքին»։
Կրկնակի առաքելություն՝ ուսուցում եւ ծառայություն հանրությանը
ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին ընդգծեց կլինիկայի ունեցած երկակի դերը․
«Իրավաբանական կլինիկայի գործունեությունը շատ կարևոր է, քանի որ այն ոչ միայն ուսուցողական է և թույլ է տալիս մեր ուսանողներին զարգացնել գործնական հմտություններն, այլեւ՝ օգտակար է համայնքի, հանրության համար։ Սա պրակտիկայի հիանալի հնարավորություն է ապագա իրավաբանների համար եւ անվճար աջակցություն՝ մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը»։
Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյիի խոսքով՝
«Բժիշկները բուժում են մարդու ֆիզիկական մարմինը, իրավաբանները՝ բուժում են մարդուն սոցիալական տեսանկյունից։ Ինչպես բժիշկներն, այնպես էլ՝ իրավաբանները, տալիս են մասնագիտական երդում եւ գործում դրան հավատարիմ»։
Դեպի շարժական իրավաբանական կլինիկա
Իրավաբանական ֆակուլտետի դեկան Կարին Յովսէփեանը ներկայացրեց կլինիկայի զարգացման հեռանկարները․
«ՀՖՀՀ-ի Իրավաբանական կլինիկայի աշխատանքը սկսել ենք Երևանից, բայց մեր նպատակն է դուրս գալ մայրաքաղաքի սահմաններից՝ կլինիկան հասանելի դարձնելով նախ Աշտարակ եւ Հրազդան քաղաքներում, հետո՝ նաեւ այլ մարզերում։ Սա կարեւոր է, քանի որ կարծում ենք, որ Երևանից դուրս կան բազմաթիվ խոցելի խմբեր, որոնք իրավաբանական առաջին օգնության կարիք ունեն»։
Այսպիսով, ՀՖՀՀ-ի Իրավաբանական կլինիկան ձևավորում է գիտելիքի տարածման, սոցիալական պատասխանատվության եւ համերաշխության տարածք՝ մարմնավորելով համալսարանի հիմնարար արժեքները՝ ակադեմիական գերազանցություն, սոցիալական պատասխանատվություն և հանրությանն ուղղված ծառայություն։
Երկար կյանք ՀՖՀՀ Իրավաբանական կլինիկային։