• 2026-10-07

Շրջանավարտների հոսք «Միսաք Մանուշյան» 2026․ նոր ճանապարհի սկիզբը

2026թ․-ի սեպտեմբերի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանում ֆրանսիական համալսարանի 2026 թվականի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Այս տարի շրջանավարտների հոսքը կրում էր Ֆրանսիական դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի անունը։

Բակալավրի և մագիստրատուրայի շուրջ 500 շրջանավարտների համար այս օրը տարիների ուսումնառության և ձեռքբերումների ամփոփումն էր, միաժամանակ՝ մասնագիտական ու անձնական կյանքի նոր փուլի սկիզբ։

Միջոցառման ընթացքում շրջանավարտներին շնորհավորական ուղերձներ հղեցին ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն.Գ. Ֆլորիան Էսկյուդիեն, ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ և ՀՖՀՀ շրջանավարտ Կարինե Վարդանյանը, Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժիլ Բոննեն, Թուլուզի համալսարանի ներկայացուցիչ Ալեն Կրուզիլը, Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը, Ինեկոբանկի տնօրենի տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Չիչյանը, «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի ֆինանսական տնօրեն, SoftConstruct ընկերության խորհրդի անդամ, ՀՖՀՀ հոգաբարձուների խորհրդի անդամ և համալսարանի շրջանավարտ Նորայր Մխիթարյանը, ինչպես նաև SoftConstruct ընկերության պրոդուկտների զարգացման տնօրեն Գեղամ Եգորյանը։

Դիմելով շրջանավարտներին՝ ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին ընդգծեց, որ համալսարանում ստացած կրթությունը չի սահմանափակվում միայն մասնագիտական գիտելիքներով։ Այն նաև ձևավորում է քննադատական մտածողություն, պատասխանատվություն, ստեղծարարություն և փոփոխվող պայմաններին հարմարվելու կարողություն։ Արագ զարգացող տեխնոլոգիաների և նոր մարտահրավերների պայմաններում հատկապես կարևոր են մնում այն արժեքները, որոնց որևէ տեխնոլոգիա չի կարող փոխարինել։

Առանձնահատուկ խորհուրդ ուներ նաև 2026 թվականի շրջանավարտների հոսքի անունը։ Միսաք Մանուշյանի քաջության, նվիրումի և պատասխանատվության օրինակը հիշեցնում է այն արժեքների մասին, որոնք դուրս են գալիս անհատական հաջողության սահմաններից։ Նրա անունը միաժամանակ խորհրդանշում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված պատմական ու մարդկային ամուր կապերը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանն իր խոսքում կարևորեց բարձր պատրաստվածություն, նախաձեռնողականություն և պատասխանատվություն ունեցող երիտասարդ մասնագետների դերը երկրի զարգացման գործում՝ ընդգծելով ՀՖՀՀ կրթական մոդելի բազմալեզու և միջազգային բնույթը։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն.Գ. Ֆլորիան Էսկյուդիեն անդրադարձավ շրջանավարտների ստացած հայկական և ֆրանսիական կրկնակի դիպլոմների նշանակությանը և նշեց, որ ՀՖՀՀ շրջանավարտները մասնագիտական կյանքում դառնում են նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների յուրատեսակ դեսպաններ։

Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժիլ Բոննեն իր հերթին ընդգծեց երկու համալսարանների միջև ավելի քան երկու տասնամյակ շարունակվող համագործակցությունը և ՀՖՀՀ-ի առանձնահատուկ տեղը Լիոն 3 համալսարանի միջազգային գործընկերությունների շրջանակում։

Թուլուզի համալսարանի ներկայացուցիչ Ալեն Կրուզիլն անդրադարձավ շարունակական կրթության գաղափարին՝ շեշտելով, որ արագ փոփոխվող մասնագիտական միջավայրում հիմնարար գիտելիքներն ու մշտապես սովորելու պատրաստակամությունը շարունակում են մնալ կարևոր առավելություն։

Միջոցառման գլխավոր հովանավոր Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը, դիմելով շրջանավարտներին, կարևորեց շարունակաբար սովորելու, հարցեր տալու և նոր գիտելիք փնտրելու պատրաստակամությունը։ Նա ընդգծեց, որ կրթված և նպատակասլաց երիտասարդությունը երկրի կարևորագույն ներուժերից է, իսկ կրթության մեջ ներդրումը՝ հասարակության զարգացման երկարաժամկետ հիմքերից մեկը։

Ավարտական միջոցառման հովանավոր «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի ֆինանսական տնօրեն, SoftConstruct ընկերության խորհրդի անդամ, ՀՖՀՀ հոգաբարձուների խորհրդի անդամ և համալսարանի շրջանավարտ Նորայր Մխիթարյանն իր խոսքում ընդգծեց շրջանավարտների և համալսարանի միջև շարունակվող կապը։ Նրա խոսքով՝ եթե մինչ այժմ ՀՖՀՀ-ի անունն աջակցել է շրջանավարտներին իրենց ճանապարհին, ապա այսուհետ նրանց ձեռքբերումներն են դառնալու համալսարանի հաջողության պատմության մի մասը։

Արարողության ընթացքում ավանդույթի համաձայն շնորհվեցին նաև ուսանողական անվանական մրցանակները։ «Սոցիալական ներգրավվածություն» մրցանակին արժանացավ Անի Գևորգյանը, «Ուսանողական ներգրավվածություն» մրցանակին՝ Անգելինա Մանանդյանը, «Նորարարություն» մրցանակին՝ Վահե Միրզոյանը, իսկ «Առաջնորդություն» մրցանակին՝ Հայկ Սիմոնյանը։

Այս տարի առանձնահատուկ գնահատանքի արժանացան նաև դասախոսները՝ շրջանավարտների ընտրությամբ։ Իրենց ֆակուլտետների հատուկ մրցանակներին արժանացան Իրավագիտության ֆակուլտետի դասախոս Գևորգ Բաղդասարյանը, ԻԿՄ ֆակուլտետի դասախոս Գագիկ Այվազյանը, Կառավարման ֆակուլտետի դասախոս Անաստաս Աղազարյանը, Մարքեթինգի ֆակուլտետի դասախոս Գոռ Գյուլխասյանը և ֆրանսերենի դասախոս Աննա Սամվելյանը։

Շրջանավարտների անունից հնչած խոսքերը ևս հիշեցրին, որ համալսարանական տարիները միայն կրթական ծրագրի մասին չեն։ Դրանք նաև մասնագիտական և անձնական զարգացման, նոր կապերի ու հիշողությունների ձևավորման տարիներ են։ Շրջանավարտ Հարություն Բաբայանն իր պատմությամբ ներկայացրեց համալսարանի դերը սեփական զարգացման ճանապարհին՝ ընդգծելով շարունակելու, վերադառնալու և նոր հնարավորություններից օգտվելու կարևորությունը։

Դիպլոմների հանձնումը խորհրդանշական ավարտն էր համալսարանում անցկացրած տարիների, սակայն ոչ՝ կրթության ավարտը։ ՀՖՀՀ «Միսաք Մանուշյան» 2026 հոսքի շրջանավարտներն իրենց հետ տանում են ոչ միայն մասնագիտական գիտելիք և հայկական ու ֆրանսիական դիպլոմներ, այլև համալսարանում ձևավորված մտածելակերպ, արժեքներ և պատասխանատվություն։

Մի փուլ ավարտվեց, իսկ հաջորդն արդեն սկսվել է՝ նոր ընտրություններով, մարտահրավերներով և հնարավորություններով։

Շնորհավորում ենք և բարի երթ մաղթում։

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more