-
2025-06-13
ՀՖՀՀ Ձեռնարկատիրության ամառային դպրոց․ ներշնչող և խոստումնալից երկրորդ թողարկում
2025թ.-ի հունիսի 2-ից 13-ը ՀՖՀՀ-ն հյուրընկալեց Ձեռնարկատիրության ամառային դպրոցի երկրորդ թողարկումը, որը կազմակերպվել էր ՀՖՀՀ Ձեռնարկատիրության կենտրոնի կողմից։ Այն արդեն դարձել է անփոխարինելի հանդիպում ստեղծագործ միտք ունեցող մարդկանց, նախաձեռնող անձանց և նորարարության ապագա առաջնորդների համար։
Ինտենսիվ ուսուցման և փորձի փոխանակման երկու շաբաթ
Այս թողարկումը համախմբեց մոտիվացված մասնակիցների՝ ուսանողների, երիտասարդ մասնագետների և հետաքրքիր գաղափարներ կրող թիմերի մի ծրագրի շուրջ, որը մեկտեղում էր տեսությունն ու գործնականը։
Փորձառու մասնագետների կողմից վարած ինտերակտիվ աշխատարանների, իրավիճակային խնդիրների և սեմինարների միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան․
- Զարգացնել իրենց ձեռնարկատիրական մտածողությունը և ստեղծագործունակությունը
- Ուսումնասիրել այնպիսի ռազմավարական գործիքներ, ինչպիսիք են Business Model Canvas-ը և Value Proposition Canvas-ը
- Սովորել մարքեթինգի, նախագծի կառավարման, շուկայի վերլուծության և ներդրումներ ներգրավելու հիմնական սկզբունքները
- Կատարելագործել իրենց փիթչինգի և վաճառքի ռազմավարության հմտությունները
- Ծանոթանալ ձեռնարկատիրությանը բնորոշ իրավական ասպեկտներին։
Ինչպես նշել է ՀՖՀՀ ծրագրերի պատասխանատու և ամառային դպրոցի կազմակերպիչ Ասթինե Սայադյանը․
«Դպրոցը ոչ միայն գործնական գիտելիքների ու հմտությունների ձեռքբերման, այլեւ նոր համագործակցություններ ու կապերի հաստատման հիանալի հարթակ է»։
Նորարարության շուրջ համախմբված մարդիկ
Իր ակադեմիական դերից զատ ամառային դպրոցն իրական հարթակ էր՝ կապեր հաստատելու և համատեղ ստեղծագործելու։ Անվանի մասնագետների մասնակցության շնորհիվ մասնակիցները ստացան գործնական խորհուրդներ, արժեքավոր փորձի փոխանակում և անհատական մոտեցում իրենց նախագծերը կառուցելու համար։
Ինչպես նշում է ՀՖՀՀ Զարգացման և համագործակցության գծով տնօրեն Ասյա Մովսիսյանը․
«Փորձել, ձախողվել, չհանձնվել և գնալ մինչև վերջ»։
Այս խոսքերը լիովին արտացոլում են երկրորդ թողարկման ներուժը՝ համբերատարություն, նորարարություն և միասին սովորելու ձգտում։
Մասնակիցների տարբեր ոլորտներից լինելը, գաղափարների և գործունեության բազմազանությունը ձևավորեցին համագործակցային մթնոլորտ, որը նպաստեց տաղանդների միավորմանը և նոր, հավակնոտ նախագծերի ծնունդին։
Նորարարական նախագիծ հաքերներին ծուղակ գցելու համար
Երկու շաբաթվա ընթացքում մշակված հետաքրքրագույն նախագծերից մեկը վերաբերում էր կիբեռանվտանգության մի գործիքի, որը ներկայացրեց Microchip Armenia-ի Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով ղեկավար Տիգրան Վարդանյանը ՀՖՀՀ մարքեթինգի ֆակուլտետի երեք ուսանողների հետ միասին։
«Ամառային դպրոցի արդյունքներով մենք ներկայացնելու ենք ստարտափ՝ գործիք, որն արհեստական բանականության միջոցով «թակարդներ» է ստեղծում հաքերների համար՝ պաշտպանելով ենթակառուցվածքը հետախուզության դեպքում»,- նշում է Տիգրան Վարդանյանը։
Այս նախագիծը հիանալի կերպով մարմնավորում է ամառային դպրոցի փիլիսոփայությունը՝ նորարար գաղափարները վերածել գործնական լուծումների՝ համադրելով տեխնիկական հմտությունները, ձեռնարկատիրական մտածողությունը և թիմային աշխատանքը։
Ապագան սկսվում է այստեղ
Այս թողարկման գլխավոր պահը եղավ եզրափակիչ փիթչինգի փուլը, որի ընթացքում յուրաքանչյուր թիմ ներկայացրեց իր նախագիծը փորձագետներից կազմված ժյուրիի առջև՝ ցուցադրելով ընդամենը երկու շաբաթում ունեցած նկատելի աճը։
Մասնակիցները հեռացան ոչ միայն մասնակցության հավաստագրերով, այլև նոր հմտություններով, ամրապնդված մոտիվացիայով և ոմանց դեպքում ձեռնարկատիրական գործունեությունը շարունակելու իրական հնարավորություններով։
Խորին շնորհակալություն բոլոր մասնագետներին իրենց մեծահոգության և փորձի փոխանցման համար, իսկ բոլոր մասնակիցներին իրենց ներգրավվածության և ակտիվության համար։
Ամառային դպրոցն ավարտվեց, բայց ձեռնարկատիրական ոգին շարունակում է ճախրել ՀՖՀՀ-ում։