• 2026-05-26

Իրական բիզնես լուծումներ՝ մարքեթինգի ֆակուլտետի ուսանողների կողմից․ ամփոփվեց «Ավրորա Բարեալիս» (Aurora Baréalisse) գործակալության հետ իրականացված «Մարնիկ» ընկերության PBL նախագծերը

Ուսումնական նորարարությունների իրականացման շրջանակներում ՝ ՀՖՀՀ մարքեթինգի ֆակուլտետը մայիսի 23-ին նշեց «Քոնթենթ մարքեթինգ» (Content Marketing) դասընթացի մաս կազմող նախագծահեն ուսուցման (Project Based Learning - PBL) հերթական փուլի ավարտը:

Այս տարի ֆակուլտետը համագործակցում էր «Ավրորա Բարեալիս» (Aurora Baréalisse) գործակալության և «Մարնիկ» (Marnik) ընկերության հետ, որը ֆիննական հանրահայտ «Վալիո» ապրանքանիշի պաշտոնական և բացառիկ ներմուծողն է, ինչպես նաև հայկական «Ֆիննի» (Finny) ապրանքանիշի հիմնադիր և արտադրող ընկերությունը։

Համագործակցության շրջանակում չորրորդ կուրսի ուսանողների առջև դրվել էր իրական բիզնես խնդիր՝ մշակել քոնթենթ մարքեթինգի արդյունավետ ռազմավարություններ ընկերության առանցքային արտադրատեսակների՝ պաղպաղակի տեսականու և սառեցված կիսաֆաբրիկատների համար։

Մի քանի շաբաթվա ընթացքում ուսանողները իրականացրել են համակողմանի վերլուծական և հետազոտական աշխատանք՝ ուսումնասիրելով շուկայի առանձնահատկությունները, սպառողական վարքագիծը և ընկերության առջև ծառացած մարտահրավերները։ Աշխատանքի արդյունքում մշակվել են քոնթենթ մարքեթինգի ռազմավարություններ և գործնական առաջարկություններ, որոնք ուղղված էին ընկերության B2C (բիզնես-սպառող) և B2B (բիզնես-բիզնես) հաղորդակցման ու զարգացման նպատակների արդյունավետ իրագործմանը։

Նախագիծը ուսանողներին հնարավորություն է տվել կիրառելու դասընթացի շրջանակում ձեռք բերված տեսական գիտելիքները իրական բիզնես միջավայրում՝ մշակելով մեդիապլաններ, բրենդի ակտիվացման ծրագրեր և հաղորդակցման լուծումներ, որոնք հիմնված են շուկայի արդի միտումների և թիրախային լսարանների պահանջների վրա։ Ողջ գործընթացն իրականացվել է դասընթացի դասախոս Լենա Գյուլխասյանի, ինչպես նաև «Ավրորա Բարեալիս» (Aurora Baréalisse)  գործակալության մասնագետների անմիջական մասնագիտական խորհրդատվության, ուղղորդման և գնահատման ներքո։

Նախագծի եզրափակիչ փուլում բոլոր մասնակիցներից ընտրված յոթ լավագույն ուսանողական խմբերը ներկայացրեցին  իրենց մշակած ռազմավարություններն ու առաջարկությունները։ Պաշտպանության ընթացքում  ներկայացված աշխատանքները գնահատվեցին ժյուրիի կողմից, որի կազմում ընդգրկված էին գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և մարքեթինգի ոլորտի առաջատար փորձագետներ։

Ուսանողների կողմից առաջարկված լուծումները բարձր գնահատականի արժանացան իրենց ռազմավարական մտածողության, ստեղծարար մոտեցումների, վերլուծական հիմնավորվածության և գործնական կիրառելիության շնորհիվ։ Ժյուրիի անդամները հատկապես ընդգծեցին, որ ներկայացված առաջարկություններն արտացոլում էին շուկայի առանձնահատկությունների խորքային ըմբռնում, տվյալահեն վերլուծություն և ընկերության առջև ծառացած խնդիրների լուծման պատասխանատու մոտեցում։

Գնահատման արդյունքներով ընտրվեցին երեք լավագույն խմբերը, որոնք արժանացան պատվոգրերի և խրախուսական նվերների՝ նախագծի շրջանակում ցուցաբերած բարձր արդյունքների, մասնագիտական պատրաստվածության և նորարարական գաղափարների համար։

 «Մարնիկ» ընկերության փոխտնօրեն ՝ Վաչե Գասպարյանը, «Ավրորա Բարեալիս» գործակալության հիմնադիր Արթուր Ազիզյանը, Ժան Մուլեն Լիոն 3 Համալսարանի դասախոս  և մարքեթինգի ֆակուլտետի արտաքին փորձագետ Իվան Ռիոկրյոն բարձր գնահատեցին ուսուցման այս ձևաչափի արդյունավետությունը՝ ընդգծելով, որ այն ուսանողներին հնարավորություն է տալիս դեռևս ուսումնառության ընթացքում առերեսվել իրական բիզնես մարտահրավերներին, աշխատել ոլորտի առաջատար մասնագետների հետ և ստանալ շուկայի պահանջներին համահունչ գործնական արդիական գիտելիքներ։

Մարքեթինգի ֆակուլտետի դեկան Նաիրա Հայրապետյանն իր երախտագիտությունը հայտնեց գործընկեր կազմակերպություններին՝ ծրագրի իրականացման ընթացքում ցուցաբերած հետևողական աջակցության և ուսանողների մասնագիտական զարգացման գործում ունեցած կարևոր ներդրման համար։ Նա ընդգծեց, որ ֆակուլտետը մշտապես սերտ համագործակցություն է իրականացնում գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ ապահովելու, որ ուսանողներին տրվող առաջադրանքները համահունչ լինեն կրթական ծրագրերի նպատակներին, ուսումնառության վերջնարդյունքներին և աշխատաշուկայի արդի պահանջներին։

Դեկանի խոսքով՝ նախագծահեն ուսուցումը (Project Based Learning – PBL) ՀՖՀՀ-ում վաղուց արդեն հաստատվել է որպես կրթական արդյունավետ և նորարարական մոտեցում, որը նպաստում է ուսանողների մասնագիտական կարողությունների համակողմանի զարգացմանը։ Այս ձևաչափը հնարավորություն է տալիս տեսական գիտելիքները վերածել գործնական լուծումների, զարգացնել վերլուծական և ռազմավարական մտածողությունը, ստեղծարարությունը, թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտությունները, ինչպես նաև ձեռք բերել իրական նախագծերի կառավարման փորձ։

Նման նախաձեռնությունները կարևոր կամուրջ են ձևավորում համալսարանի և բիզնես միջավայրի միջև՝ նպաստելով ուսանողների մրցունակության բարձրացմանը և նրանց պատրաստելով ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ դառնալու համար։ Միևնույն ժամանակ, գործընկեր կազմակերպությունները հնարավորություն են ստանում ծանոթանալ երիտասարդ մասնագետների գաղափարներին, նորարարական մոտեցումներին և մասնագիտական ներուժին՝ ձևավորելով փոխշահավետ համագործակցության կայուն հարթակ։

 

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more