• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Դիպլոմների հանձնման արարողություն 2016

Դիպլոմների հանձնման արարողությունը յուրաքանչյուր շրջանավարտի կյանքում հիշարժան օր է՝ կրկին հանդիպելու, մտքեր և հույզեր փոխանակելու գեղեցիկ առիթ: Եվ այս առիթով սույն թվականի դեկտեմբերի 8-ին ՀՖՀՀ-ի 2015-2016թթ. բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտները հավաքվել էին Արամ Խաչատրյան համերգասրահում՝ ստանալու իրենց դիպլոմը՝ անքուն երկար տարիների արդյունքը:

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հովանավորությամբ: Միջոցառմանը ներկա էին ՀՖՀՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը, Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության ներկայացուցիչ Ջենիֆեր Կլարկը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանը, ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը, պաշտոնատար այրեր, դիվանագիտական ներկայացուցիչներ, ձեռնարկության ղեկավարներ, շրջանավարտներ, ուսանողներ և ծնողներ:

Ողջույնի և շնորհավորական խոսքով հանդես եկան Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, ՀՖՀՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի ուղերձն ընթերցեց մշակութային հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանը: Շնորհավորելով ՀՖՀՀ-ի շրջանավարտներին և անձնակազմին՝ ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն տիկին Կազանջյանը համալսարանի 25 լավագույն ուսանողներին հանձնեց 2016-2017 ուստարվա վարձավճարների զեղչման վկայագրեր:

Միջոցառումն ուղեկցվում էր ՀՖՀՀ-ի ուսանողների երաժշտական կատարումներով: Շրջանավարտների և իրենց ընտանիքների, ՀՖՀՀ-ի ղեկավարության, դասախոսական և վարչական անձնակազմի համար նշանավոր օր էր:

Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում:

ՀՖՀՀ-ի ղեկավարությունը ջերմորեն շնորհավորում է  շրջանավարտներին և շնորհակալություն հայտնում բոլոր մասնակիցներին և ՀՖՀՀ-ի Հասարակայնության հետ կապերի բաժնին՝ այս գեղեցիկ միջոցառման կազմակերպման համար: