Համալսարանի մասին
Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը ստեղծվել է Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների կողմից 1995թ. մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության շրջանակներում:
Հիմնադիրները՝ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի ու Կրթության և գիտության նախարարությունները, Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, այսպիսով, կարևորել են հայ երիտասարդների դաստիարակության և կրթության գործը՝ ի շահ Հայաստանի և պատմականորեն երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների զարգացման:
Համալսարանի Հոգաբարձուների խորհրդում ներգրավված են Հայաստանի ու Ֆրանսիայի Արտաքին գործերի, ՀՀ Կրթության և գիտության նախարարությունների, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և մասնավոր և հասարակական ոլորտի ներկայացուցիչներ:
Համալսարանի մանկավարժական և վարչական կառավարումն իրականացվում է հայ-ֆրանսիական աշխատակազմի կողմից՝ ֆրանսիացի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարի գլխավորությամբ:
ՀՖՀՀ-ի պատմական ակադեմիական գործընկերը Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանն է: 2018թ․-ից ի վեր ՀՖՀՀ-ն ակադեմիական համագործակցություն է սկսել նաև Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի հետ՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ստեղծման շրջանակներում։
Համալսարանը կոչված է պատրաստելու Հայաստանի աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող բարձրակարգ մասնագետներ, որոնք իրենց միջազգային փորձը, գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնում են ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացմանը, ինչպես Հայաստանի, Ֆրանսիայի ու Եվրոպայի միջև հարաբերությունների զարգացմանը:
Ակտիվ գործունեություն ծավալելով ֆրանկոֆոնիայի ոլորտում և լինելով Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության անդամ՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը 2011թ. մարտից ղեկավարում է Հայաստանում Սենգորի անվան Ֆրանկոֆոնիայի ամբիոնը:
Պատրաստակամ դիմագրավելու արդի մարտահրավերներին՝ համալսարանը կոչված է նպաստելու Հայաստանի տնտեսական զարգացմանը՝ առաջարկելով՝
- համագործակցություն գործարար աշխարհի հետ,
- մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններ,
- եվրոպական չափանիշներին համապատասխանող 2 տեսակի պետական դիպլոմ
Այսօր համալսարանում սովորում է ավելի քան 1400 ուսանող: Համալսարանի շուրջ 2500 շրջանավարտները մասնակցում են ամենաակտիվ ձեռնարկությունների և կազմակերպությունների զարգացմանը: