• UFAR20+
  • ''Կանանց վերնախավը ֆրանսախոս աշխարհում'' խորագրով միջազգային համաժողով
  • Բաց դռների օր 2018
  • ԴիջիԹեք էքսպո
  • Մամլո ասուլիս /ԻԿՄ
  • CE
  • Ընդունելություն Ֆրանսիայի դեսպանատանը 2018

Հայաստանի բուհերի ուսանողները մասնակցեցին Վիեննայում կայացած 26-րդ «Վիլլեմ Ս. Վիս միջազգային առևտրային արբիտրաժ» դատախաղ-մրցույթին

Երկրորդ տարին անընդմեջ հայաստանյան բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողներից ձևավորված միացյալ թիմը մասնակցում է արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծումների ոլորտում մեծ հեղինակություն վայելող միջազգային դատախաղ-մրցույթներին։

Սույն թվականի ապրիլի 12-ից 18-ը ՀՖՀՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Հասմիկ Մովսեսյանը, ԵՊՀ ուսանողներ Տիգրան Դադունցի, Մերի Խաչատրյանի և ՀԱՀ ուսանողուհի Դիանա Սաքանյանի հետ միասին, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի ասպիրանտ, ԵՊՀ և ՀՖՀՀ դասախոս Գրիգոր Չոբանյանի մարզչական ղեկավարության ներքո և Գերմանական միջազգային համագործակցության (GIZ) աջակցությամբ հաջողությամբ հանդես եկան Վիեննայում կայացած 26-րդ «Վիլլեմ Ս. Վիս միջազգային առևտրային արբիտրաժ» դատախաղ-մրցույթին։
Հարկ է հիշեցնել, որ հայաստանյան թիմը նախքան Վիեննա մեկնելը Գերմանական միջազգային համագործակցության (GIZ) հովանու ներքո սույն թվականի փետրվարի 22-24-ը մասնակցել էր «Վիլլեմ Ս․ Վիս միջազգային առևտրային արբիտրաժ» դատախաղ-մրցույթի Թիֆլիսում կայացած 8-րդ նախապատրաստական փուլին:

26-րդ «Վիլլեմ Ս. Վիս միջազգային առևտրային արբիտրաժ» դատախաղ-մրցույթը այս տարի հատկանշական էր իր ռեկորդային ցուցանիշներով, մասնավորապես, դրան մասնակցել է շուրջ 380 թիմ, 2200 մասնակից, 2000 արբիտր և 1000 մարզիչ աշխարհի տարբեր անկյուններից։

Հայաստանն ավելի քան 10 տարվա ընդմիջումից հետո այս տարի կարողացավ ներկայանալ մրցույթին և մրցել ԱՄՆ-ի, Բրազիլիայի և Թուրքիայի առաջատար համալսարանների թիմերի դեմ: Պետք է նշենք, որ մեր թիմն ուներ ակնհայտ առավելություն բրազիլիական և թուրքական թիմերի հետ խաղերում և արժանացել է մրցափուլերը դատող արբիտրների դրական արձագանքին:

Թիմի անդամ և հիմնական բանախոս Հասմիկ Մովսեսյանը կիսվեց իր տպավորություններով. «Այս մրցույթի մասնակցությունը շատ կարևոր է իմ հետագա մասնագիտական ուղու համար: Վիլլեմ Ս. Վիսի անվան դատախաղ-մրցույթը աշխարհում ամենամասշտաբային և հեղինակավոր մրցույթն է միջազգային առևտրային արբիտրաժի ոլորտում, որը ուսանողներին հիանալի հնարավորություն է ընձեռում բարելավել թե՛ տեսական գիտելիքները միջազգային առևտրային արբիտրաժի և միջազգային առևտրային իրավունքի ոլորտում, թե՛ դատավարական հմտություններն ու խոսքը»։

Դատախաղի մասնակցությունից հետո Հասմիկը վստահ է, որ հայաստանյան համալսարանները պետք է ավելի համակարգային մոտեցումներ մշակեն և ավելի մեծ ներդրումներ կատարեն՝ տվյալ դատախաղում թիմերի մասնակցությունը ավելի հաճախ և արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

Պետք է նաև ընդգծել, որ միջհամալսարանական համագործակցությունը իր դրական ազդեցությունն է ունեցել թիմի ցուցաբերած բարձր արդյունքների հարցում և ՀՖՀՀ լիահույս է, որ նման համագործակցությունները կկրեն շարունակական բնույթ։

Ըստ արդյունքների՝ 380-ից ավել մասնակից թիմերի մեջ Հայաստանի թիմը զբաղեցրել է 167-րդ հորիզոնականը՝ հավաքելով հնարավոր 2400 միավորից 2027 միավոր։

Թիմի մարզչի և թիմի խաղերը դատած արբիտրներից շատերի կարծիքով նորաստեղծ և փոքրաթիվ թիմի համար այս արդյունքները բավականին հաջող են:

Շնորհավորում ենք Հասմիկին և Հայաստանի միացյալ թիմի մյուս մասնակիցներին և նրանց մաղթում ենք նորանոր հաջողություններ: Հատուկ շնորհակալություն նաև թիմի մարզչին, ինչպես նաև Գերմանական միջազգային համագործակցության ընկերությանը (GIZ):