• ՈՒՖԱՌԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է
  • Նոր կամպուսի UFAR20+ նախագիծ
  • Շրջանավարտ 2019 Վիկտոր Հյուգո

Դեպի նոր հորիզոններ․ եվս 250 ուսանող համալրեցին ՀՖՀՀ-ի շրջանավարտների շարքերը

Դեկտեմբերի 14-ին Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ՀՖՀՀ 2019թ․ Վիկտոր Հյուգոյի անունը կրող շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը՝ Սոֆթկոնստրակտ ընկերության և ԱԳԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի հովանավորությամբ։ 


Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս միջոցառումը կրթության ձեռքբերումները արժևորելու և երախտիքի խոսք ասելու հնարավորություն էր շրջանավարտների, ուսանողների, նրանց ընտանիքների, ֆրանսիացի և հայ պաշտոնատար անձանց ու մեր գործընկերների համար։ Շուրջ 250 ուսանողներ ստացան բակալավրի և մագիստրոսի դիպլոմներ մարքեթինգի, իրավագիտության, կառավարման և ֆինանսների ոլորտներում։


Միջոցառման հաղորդավարներն էին մարքեթինգի 4-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Դավթյանն ու 2018թ․ կառավարման ֆակուլտետի շրջանավարտ Վաչե Կարապետյանը։ Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պ․ Ժոնաթան Լաքոտը։ Իր ուղերձում դեսպանը խոսեց այն ճանապարհի մասին, որ ուսանողները հաղթահարել են երկու՝ հայկական և ֆրանսիական պետական դիպլոմներ ստանալու համար։ 


Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժակ Կոմբիին ներկայացնում էր միջազգային հարաբերությունների գծով փոխնախագահ պ․ Գիյոմ Ռուսեն, ով ողջունեց ՀՖՀՀ-ի անձնակազմին և նշեց այս միջոցառման կազմակերպման կարևորությունը ուսանողների և անձնակազմի համար։ 


ՀՖՀՀ ռեկտոր պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը ներկաներին զարմացրեց իր խոսքի մի մասը հայերեն արտասանելով․ նա մասնավորապես խոսեց « հարմարավետության գոտի » հասկացության մասին, նաև շնորհակալություն հայտնեց համալսարանի բարերարներին՝ Սոցիալական օգնության հայկական ասոցիացիային, Հայկական բարեգործական ընդհանուր միությանը, UFAR20+ նախագծի բարերարներին, Հայաստանի ֆրանկոֆոն փաստաբանների միությանը։ Համալսարանին 25 տարվա աջակցության համար ռեկտորը նաև ՀՖՀՀ-ի առաջին թողարկման մեդալ հանձնեց Ռեյմոնդ Եզեգելյանին, ում ներկայացնում էին տիկին Մարի և Օդրե Եզեգելյանները։


ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն տիկին Դալար Կազանջյանն էլ միջոցառման ընթացքում գերազանցության կրթաթոշակի հավաստագրեր հանձնեց 2019-2020 ուս․ տարվա առաջին կիսամյակի 23 լավագույն ուսանողներին։ 


Իրենց ավարտական շնորհակալական ելույթով հանդես եկան կառավարման բակալավրիատի շրջանավարտ Դիանա Ղաբուզյանը և մարքեթինգի բակալավրիատի շրջանավարտ Արթուր Պապիկյանը։ Վերջինս այժմ գտնվում է զինվորական ծառայության մեջ և հատուկ թույլտվությամբ ներկայացել էր միջոցառմանը։ « Ես ծնունդով փոքր քաղաքից եմ, ՀՖՀՀ-ի շնորհիվ հասա երազանքների գալակտիկայի », իր ելույթում անկեղծացավ Արթուրը։ Դիանայի խոսքը մասնավորապես համալսարանում անցկացրած տարիների և ունեցած հանդիպումների մասին էր․ « Միշտ համոզված եմ եղել, որ մեր կյանքերը մեծապես կախված են այն մարդկանցից, ում կհանդիպենք դպրոցում, համալսարանում և կարծում եմ, որ երջանիկ եմ եղել այս հարցում և ունեցել եմ բազմաթիվ նվիրված և պայծառ դասախոսներ » :


Օրը լեցուն էր երաժշտությամբ․ 4-րդ կուրսի մարքեթինգի ուսանողուհի Դիանա Ազարյանը բեմից հիացրեց ֆրանսերեն երգի կատարմամբ, այնուհետև միացավ By the way խմբի իր ուֆառցի ընկերներին՝ ապահովելով հյուրասիրության երաժշտական ուղեկցումը։
Միջոցառմանը ներկա էին ԱԳԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գլխավոր տնօրեն պ․ Հակոբ Անդրեասյանը, ներկայացուցիչներ Սոֆթկոնստրակտ ընկերությունից, ՀՀ Փաստաբանների պալատից և մեր այլ գործընկերներ։


Մինչ պաշտոնական լուսանկարների հրապարակումը՝ առաջարկում ենք դիտել Սոֆթկոնստրակտ ընկերության կողմից պատրաստված հոլովակը և ոչ պաշտոնական, զվարճալի լուսանկարներ։