• Շրջանավարտ 2019 Վիկտոր Հյուգո

«Արհեստական բանականություն» մագիստրոսական ծրագիր

Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) մեկնարկում է մագիստրոսական նոր ծրագիր արհեստական բանականության ոլորտում՝ Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանի հետ համագործակցությամբ։ Մագիստրոսական այս ծրագիրը համապատասխանում է ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային մակարդակի արդյունաբերության և հետազոտությունների կարիքներին: Արհեստական բանականության մագիստրոսական ծրագիրն առաջարկում է բարձր մակարդակի գիտատեխնիկական կրթություն: Այն նպատակ ունի զարգացնելու տեխնոլոգիական ոլորտի հմտությունները, ինչը հնարավորություն կտա ուսանողներին արագ արձագանքել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների արագ զարգացմանը:

 

Ինչու ՞ զարգացնել արհեստական բանականությունը (ԱԲ) ՀՖՀՀ-ում

 

ԱԲ-ն հեղափոխություն է կատարում համակարգչային շատ ոլորտներում, ինչպիսիք են թվային պատկերների մշակումը (պատկերի մշակում, վերլուծություն և ճանաչում, համակարգչային տեսողություն), համակարգչային գրաֆիկան (3D արդյունքների վերլուծություն, 2D և 3D պատկերի համադրում), բնական լեզվի մշակումը (թարգմանություն, չաթբոտեր,...), տեղեկատվության որոնումը (որոնողական համակարգեր, սոցիալական ցանցեր,...), տեսախաղերը, ռոբոտաշինությունը, էլեկտրոնային առևտուրը (առաջարկությունների և նոր արտադրանքի կազմաձևում), գերմեծ տվյալների մշակումը: Այս տարբեր տիրույթների ընդհանրությունները հիմնված են ժամանակակից ԱԲ-ի երկու հիմնասյուների վրա. մի կողմից՝ մեքենայական ուսուցումը (մասնավորապես նեյրոնային ցանցերը), մյուս կողմից՝ գիտելիքների ներկայացումը և հիմնավորումը:

 

Ընդհանուր գիտելիքներից զատ՝ դասընթացները ներառում են խորացված մասնագիտական գիտելիքներ․

  • կառուցվածքային տվյալների և տեքստի վրա հիմնված տեղեկատվության ներկայացում, մշակում և հասանելիություն, տվյալների կառավարում և դրանց օգտագործելի գիտելիքների վերածում,
  • թվային պատկերների, 3D գրաֆիկայի և աուդիո-վիզուալ բովանդակության հատուկ բաժիններ,
  • ԱԲ-ի ինտեգրում ռոբոտային համակարգերում՝ խոսքի և բնական լեզվի օգնությամբ խորանալով տեսողության և փոխազդեցության ասպեկտների մեջ:

 

Համակարգչային գիտության ուսուցումը պահանջում է նաև պրակտիկ գիտելիքների մեծ պաշար: Ահա թե ինչու կարևոր տեղ է հատկացվում պրակտիկ (դասավանդման ժամանակի գրեթե մեկ երրորդը), ինչպես նաև նախագծային ուսուցմանը:

 

Գիտատեխնոլոգիական դասընթացներից զատ՝ այս ծրագիրը մեծ նշանակություն է տալիս օտար լեզուներին: Չնայած որ դասավանդումը կատարվում է անգլերենով, ֆրանսերեն սովորելը պարտադիր է բոլոր ուսանողների համար: ՀՖՀՀ-ի խնդիրն է պատրաստել միջազգային մակարդակի մասնագետներ ՝ միաժամանակ ներգրավելով նրանց ֆրանկոֆոն աշխարհում: Ձեռնարկությունները մասնավորապես բարձր են գնահատում ՀՖՀՀ-ի ուսանողների՝ մի քանի լեզուների իմացությունը:

 

ՀՖՀՀ-ն այս մագիստրոսական ծրագրի ուսանողներին կտրամադրի ֆրանսիական (եվրոպական) և հայկական պետական դիպլոմներ, որոնք ունեն միջազգային ճանաչում:

Հիշեցնենք նաև, որ ՀՖՀՀ-ն ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի (Կոնվերգենցիայի կենտրոն) հիմնադիր գործընկերն է: ՀՖՀՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը էական դեր ունի Կոնվերգենցիայի կենտրոնի գործունեության շրջանակում:

 

2021-2022 ուստարվա ուսման վարձավճար

Մագիստրատուրա 1-ին կուրս – 1.300.000 դրամ

Մագիստրատուրա 2-րդ կուրս – 1.500.000 դրամ

ՀՖՀՀ շրջանավարտների համար ուսումնառության նպաստից զատ գործում են նաև ուսումնառության կրթաթոշակներ, մինչդեռ ոչ ՀՖՀՀ շրջանավարտներն առաջին կիսամյակում կարող են հավակնել միայն ուսումնառության նպաստի։

 

Մագիստրատուրայի ընդունելության պայմաններ 2021-2022

Մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է հետևյալ կերպ․

Դիմորդները պետք է հայտ  ներկայացնեն՝ համաձայն ՀՖՀՀ կողմից սահմանված ժամանակացույցի։ Վերջնաժամկետից հետո հայտադիմումներ չեն ընդունվում։

Դիմորդները պետք է՝

  • ունենան հայկական, ֆրանսիական կամ օտարերկրյա բուհի կողմից շնորհված բակալավրի կամ համարժեք այլ դիպլոմ (180 կամ  240 կրեդիտ) հայցվող մագիստրատուրայի ոլորտում կամ առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ, եթե հայցվող մագիստրատուրայի ոլորտը տարբերվում է բակալավրիատի ոլորտից։
  • ներկայացնեն անգլերենի  B2 մակարդակի իմացության փաստաթուղթ (Եվրոպական շրջանակի B2 մակարդակ կամ համարժեք) : 
IELTS Academic: minimum 6,5 with no individual band score lower than 6,0
TOEFL minimum 79 with no individual band score lower than 19
Cambridge Assessment English 
FCE 
CAE 
CPE

BEC Higher
  • Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  • Ինքնակենսագրական՝ անգլերենով (Europass ձևաչափով)
  • 25.000 դրամի անդորրագիր։ Ընդունվելու պարագայում այս գումարը նվազեցվում է ուսման վարձավճարից, վերադարձվում է դիմորդին չընդունվելու դեպքում, վերադարձման ենթակա չէ դիմորդի հրաժարվելու դեպքում։ 

Ընդունելությունն իրականացվում է՝ հաշվի առնելով՝

  •   ակադեմիական առաջադիմությունը,

  •   մոտիվացիոն նամակը,

  •   թեկնածուի մասնագիտական նախագծի նկարագրությունը,

  •   հարցազրույցը։

 

Ակադեմիական տեղեկագիրը պետք է հավաստի, որ դիմորդը հավաքել է՝

   • 80 կրեդիտ ինֆորմատիկայի  կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, 15 կրեդիտ մաթեմատիկայի ոլորտում, 10 կրեդիտ պրակտիկաների, նախագծերի և գիտական աշխատանքների շրջանակում։

  • Եթե դիմորդն այնպիսի երկրից է, որտեղ չի գործում ECTS կրեդիտային համակարգը,  պետք է ներկայացվեն  որակավորման և փորձի համարժեք փաստաթղթեր։

Հայտերը կարող են ներկայացվել՝

- օգոստոսի 23-ից սեպտեմբերի 8-ը՝ աշխատանքային օրերին, ժամը 11:00-17:30-ը, մագիստրատուրայի պատասխանատու Արմինե Բաբայանին (107 սենյակ),
- հուլիսի 29-ից սեպտեմբերի 8-ը՝ մինչև 17: 30-ը, էլեկտրոնային փոստով՝ master_admission@ufar.am

Ընդունելության գործընթացը և պայմանները հաստատված են՝ համաձայն ՀՖՀՀ-ի մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգի։

Հանձնաժողովը երկու հաստատություններին  է փոխանցում դիմորդների վերջնական ցուցակը ։

Այս ծրագրի շրջանակում ՀՖՀՀ-ն նպատակ ունի ընդունել  տարեկան մոտավորապես 40 ուսանող։

 

2021-2022 Ընդունելության հայտ (առկա է անգլերենով)

2021-2022 Ընդունելության պայմաններ (առկա է անգլերենով)