• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

«Եվրոպական ինտեգրացիային համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը» (C3QA) նախագծի մեկնարկի շնորհանդեսը ՀՖՀՀ-ում

Սույն թվականի փետրվարի 3-ին ՀՖՀՀ-ում մեկնարկեց «Եվրոպական ինտեգրացիային համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը» (C3QA) նախագիծը:

Ծրագրի կոնսորցիումը ներառում է 20 հաստատություն Հայաստանից, Բելգիայից, Ֆրանսիայից, Ղազախստանից, Մոնղոլիայից, Լեհաստանից և Ուկրաինայից, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատություններ, որակի ապահովման կառույցներ և Հայաստանի, Ղազախստանի, Մոնղոլիայի և Ուկրաինայի կրթության և գիտության նախարարությունները:

Նախագծի մեկնարկի շնորհանդեսին ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կառլովան և հայաստանյան բուհերի ներկայացուցիչներ:

«Տեմպուս և Էրազմուս ծրագրերի շնորհիվ այսօր մենք ունենք դասախոսների և ուսանողների սերունդներ, որոնք բաց են եվրոպական ծրագրերի համար,

շնորհավորում եմ բոլորին և մաղթում նորանոր հաջողություններ»,-իր ելույթում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն շնորհավորեց ՀՖՀՀ-ին այս նախագիձը ձեռք բերելու համար և նշեց, որ ծրագրի նպատակն է ապահովել եվրոպական կրթական ծրագրերի որակը:

Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կառլովան նշեց, որ սա ՀՖՀՀ-ի համար հաջողված ձեռքբերում է, և որ համալսարանն արդեն ունի եվրոպական Տեմպուս ծրագրի նախագծի համակարգման փորձ:

«Այսօր մեզ համախմբել է բարձրագույն կրթության որակի չափանիշների բարելավման ցանկությունը՝ հատկապես 3-րդ աստիճանի կրթության ծրագրերի զարգացումը: Չի կարող լինել համալսարան առանց հետազոտության, առանց իր ասպիրանտական  կրթության  և գիտահետազոտական աշխատանքների: Շնորհավորում եմ ՀՖՀՀ-ի արտաքին կապերի և որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանի թիմին այսօրվա միջոցառման իրականացումն ապահովելու համար»,- իր ելույթում ընդգծեց ՀՖՀՀ ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստը:

Նախագծի նպատակն է մշակել և փորձարկել 3-րդ աստիճանի կրթության՝ մասնավորապես ասպիրանտական ծրագրերի որակի ապահովման քաղաքականության հայեցակարգ և գործիքակազմ, ինչպես նաև գործնական մեխանիզմներ և ընթացակարգեր, որոնք հետագայում կկիրառվեն Հայաստանում, Ղազախստանում, Մոնղոլիայում և Ուկրաինայում: