• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Հարցազրույց Քրիստին Մարսալի հետ

Մոնպելիեի IAE համալսարանի դասախոս

ՀՖՀՀ-ում դասավանդում է "Ձեռնարկության ֆինանսավորում" առարկան

Արդեն 6-րդ կամ 7-րդ անգամ եմ այցելում Հայաստան: Լավ հիշում եմ համալսարանում առաջին դասախոսությունս: Մի փոքր վախենում էի, ծանոթ չէի տարածքին, չէի ճանաչում ուսանողներին, սակայն հույս ունեի, որ առաջին դասախոսության սպասումներս ավելի քան կարդարանային: Եվ չսխալվեցի, ուսանողները ժպտում էին և ակտիվ մասնակցում դասապրոցեսին: Դա եղավ նոր փուլի սկիզբ, քանի որ դրանից հետո ամեն տարի գալիս եմ Հայաստան: ՀՖՀՀ-ի կառավարման ֆակուլտետում դասավանդում եմ բանկային ֆինանսավորում, որը հետագայում բանկում աշխատող ուսանողներին հնարավորություն կընձեռի բանակցել բանկի ղեկավարի հետ:

Դասավանդում եմ նաև Մոնպելիեի համալսարանում, և մեծ տարբերություն եմ նկատում ֆրանսիացի և հայ ուսանողների միջև: Հայ ուսանողներն ավելի ժպտադեմ են, բայց երբեմն դասապրոցեսին ակտիվորեն չեն մասնակցում՝ վախենալով ֆրանսերեն լեզվում սխալներ անելուց, բայց եթե մեկ անգամ վստահություն են ձեռք բերում, ամեն ինչ սահուն առաջ է գնում: Հիացած եմ նաև հայ ուսանողների աշխատասիրությամբ, նրանք այնքան ջանք են գործադրում լեզուն սովորելու համար: Դասախոսությունն ընկալելու համար նրանք ինձ ֆրանսերենի բառապաշարից հարցեր են տալիս, որն  իմ ֆրանսիացի ուսանողները երբեք չեն անում, նրանք շատ ուժեղ են մաթեմատիկայից, մինչդեռ ֆրանսիացի ուսանողներս այնքան էլ չեն սիրում մաթեմատիկան:  Շատ եմ գնահատում նաև հարգանքը դասախոսի և դասախոսության նկատմամբ: Նկատել եմ նաև, որ լսարանում միշտ կան ուսանողներ, ովքեր ավելի լավ են տիրապետում առարկային և ժամանակ են տրամադրում ավելի թույլերին օգնելու համար, մինչդեռ ֆրանսիացիներն անհատապաշտ են:

Խորհուրդ կտայի ավելի երկչոտ ուսանողներին առաջ գնալու համար դուրս գալ իրենց կաղապարներից, քանի որ նրանք շատ խիզախ են, շատերը ֆրանսերեն լեզուն սովորում են հենց համալսարանում և դրանով իսկ ապացուցում, որ ճկուն են և հարմարվող: Աշխատաշուկայում դա մեծ հաղթաթուղթ կլինի իրենց համար: Դասերի ժամանակ եթե թեման իրենց հետաքրքրում է, բոլորն են մասնակցում դասապրոցեսին, նույնիսկ ամենաամաչկոտները: Եթե օրինակ խոսում եմ որևէ հայտնի ձեռնարկության ֆինանսական սկանդալներից կամ վերջին նորություններից, հայ ուսանողներն անպայման ցանկանում են իմանալ՝ ինչպես է դա կատարվում Ֆրանսիայում, սկսում ենք համեմատել Հայաստանի հետ, և շատ հետաքրքիր դաս է ստացվում:

Շատ եմ սիրում Հայաստանը, այս երկիրը հազարամյա տարիների  մշակույթ ունի: Եվ ամենից շատ գնահատում եմ նաև արմատները, որոնք գոյություն ունեն նաև Ֆրանսիայում:  Չնայած ամեն ինչին, ինչ տեղի է ունեցել, այս երկիրը դեռ կանգուն է: 

Ամեն անգամ, երբ վերադառնում եմ Հայաստան, տեսնում եմ զարգացող երկիր, նոր թաղամասեր...

ՀՖՀՀ-ում աշխատողները հիանալի մարդիկ են, միշտ մեծ ուրախությամբ եմ կրկին նրանց հանդիպում, կարծես ընտանիք եմ վերադառնում: Հայաստանն իսկապես գրավիչ երկիր է: