• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Միջազգային համաժողով / Ձեռնարկության և անհատի էլ-համբավի կառավարմանն ու պաշտպանությանն առնչվող մարտահրավերներ

Բացառիկ համաժողով Հայաստանում

Համացանցի հեղափոխությունը խորապես փոխել է մեր հասարակությունը, անհատների վարքագիծը, վաճառքի մեթոդները, տեղեկատվության մշակումը: Համացանցի լայնածավալ օգտագործմամբ, օրինակ՝ մեծ տվյալների (big data) և բաց տվյալների (open data) բազաների աճող կիրառման արդյունքում, շատ հաճախ էլեկտրոնային համբավը, այսինքն՝ ֆիզիկական անձի, կամ/և իրավաբանական անձի կամ ապրանքանշանի արտացոլումը համացանցում, նույնացնում են «համբավ» տերմինի դասական հասկացության հետ: Շատ արագ զարգանալով՝ էլ-համբավը դարձել է խոշոր մարտահրավեր հասարակության բոլոր ասպարեզներում: Այս մարտահրավերները, լինեն դրանք մարքեթինգային, իրավաբանական, թե պարզապես միջանձնային հարաբերություններ, ցույց են տալիս, թե որքան կարևոր է անհատներին, ձեռնարկություններին, քաղաքական գործիչներին, լրատվամիջոցներին և վարչական միավորումներին կառավարել և պաշտպանել իրենց էլ-համբավը:

Էլ-համբավին առնչվող խնդիրները վերլուծելու նպատակով սույն թվականի մարտի 15-ին ՀՖՀՀ-ն և Սենգորի անվան Ֆրանկոֆոնիայի ամբիոնը Հայաստանում առաջին անգամ կազմակերպել էին «Ձեռնարկության և անհատի էլ-համբավի կառավարմանն ու պաշտպանությանն առնչվող մարտահրավերներ» թեմայով միջազգային համաժողովը:

Համաժողովը համախմբել էր մի շարք փորձագետների՝ իրավաբաններ, ձեռնարկատերեր, լրագրողներ, մարքեթոլոգներ, մասնավոր և հանրային ոլորտի մասնագետներ: Համաժողովին ներկա էին նաև տարբեր համալսարանների և ֆակուլտետների ուսանողներ: Իրավիճակային խնդիրների ներկայացմամբ ՀՖՀՀ-ի Մագիստրատուրայի ուսանողները վեր հանեցին էլ-համբավի կառավարմանն առնչվող տարբեր մոտեցումներ: Հիմնվելով այս խնդիրների վրա՝ փորձագետներն վերլուծեցին էլ-համբավի խնդիրները իրավաբանական և մարքեթինգային տեսանկյունից՝ համեմատելով Հայաստանի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի փորձերը:

Մասնագիտական խորհուրդներ

Էլ-համբավը պաշտպանելու համար փորձագետները նախ և առաջ խորհուրդ են տալիս օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքները ձեռնարկության ռազմավարության մեջ: Ոտնահարված էլ-համբավը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, մինչդեռ լավ կառավարելու դեպքում համբավի արատավորումը կարող է դրական հետևանքներ ունենալ: Ժամանակը նույնպես առանցքային գործոն է էլ-համբավի պաշտպանության կամ ոտնահարման համար: Հարկ է մշտապես լինել զգոն, արագ արձագանքել կամ ոչինչ չձեռնարկել, քանի որ անտեսելը երբեմն լավագույն լուծումն է: Իրավաբան փորձագետներն առաջ են քաշում իրավունքների հետևյալ շրջանակը՝ համբավի և արժանապատվության իրավունքը, պատկերի իրավունքը, հեղինակային իրավունքները, էլեկտրոնային տվյալների մոռացության և չեղարկման իրավունքները: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Եվրոպական միության դատարանի նախադեպերի հիման վրա իրավաբանները ներկայացրին նաև, թե ինչպես պետք է հասնել մի կողմից՝ նշված իրավունքների և մյուս կողմից՝ խոսքի ազատության կամ տեղեկատվության իրավունքի արդարացի հավասարակշռության: Փորձագետներն անդրադարձան Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հայաստանում քաղաքացիական և քրեական օրենսդրություններում հնարավոր բողոքական իրավունքներին: Անշուշտ իրավական գործիքներն անհրաժեշտ են և կարող են լինել օգտակար, բայց ոչ ինքնին բավարար: Իրավական գործընթացը հաճախ ժամանակ է պահանջում և ամեն ինչ չէ, որ վերականգնվում է. նույնիսկ երբ դատական գործը շահել ես, անհատի և մարքեթինգային տեսանկյունից համբավին հասցված վնասները երբեմն անուղղելի են: Հետևաբար համբավի ճգնաժամի արդյունավետ կանխարգելման և կառավարման համար անհրաժեշտ է ռազմավարության մշակման գործընթացում ներառել համապատասխան մարքեթինգային և նախաձեռնողական գործիքներ:

Բոլորն համակարծիք են, որ ճգնաժամային իրավիճակներում իրավաբանները, մարքեթոլոգները և հաղորդակցության ոլորտի մասնագետները պետք է համագործակցեն հնարավորինս արագ լավագույն ռազմավարությունը մշակելու համար:

Համաժողովին ներկա հյուրերը, ինչպես Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ու Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը նկատեցին, որ համաժողովը նորարարական բնույթ է կրում:

Լսարանին հետաքրքրեց հատկապես լրագրողի և լրատվության դերի կամ մեծ տվյալների շուրջ քննարկումները. Սենգորի անվան Ֆրանկոֆոնիայի ամբիոնի գալիք համաժողովն արդյո՞ք կանդրադառնա այս թեմաներից որևէ մեկին:

Համաժողովի կազմակերպիչներ՝ ՀՖՀՀ և Հայաստանում Սենգորի անվան Ֆրանկոֆոնիայի ամբիոն

Հովանավորներ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանություն, Ժան Մուլեն Լիոն 3 համալսարան, ՀԲԸՄ և «HALDI. CO» ընկերություն:

Բանախոսներ՝ “TOROSSIAN AVOCATS” գրասենյակի հիմնադիր (Փարիզ), քրեական իրավունքի ոլորտում փաստաբան Սևակ Թորոսյան, իրավաբան Միգանուշ Լյուսի Բաղրամյան (Շվեյցարիա), մարդկանց միջազգային իրավունքի փորձագետ, “ARNI CONSULT” գրասենյակ փաստաբան Արա Ղազարյան, “CONCERN DIALOG” գրասենյակի փաստաբան Արամ Օրբելյան, ՀՖՀՀ-ում Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանի կից դեկան ի.գ. դոկտոր Գիյոմ Ռուսսե, Դրոմի Առևտրի և արդյունաբերության պալատի Վալանսի կառավարման և առևտրի դպրոցի ղեկավար Պեգգի Օբեր, «Հանրային հաղորդակցության լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Անուշ Բեգլոյան, “Helix”-ի հիմնադիր տնօրեն Արամ Մխիթարյան, “ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ”-ի մարքեթինգային հաղորդակցությունների բաժնի պետ Արտյոմ Ղազարյան, “INECOBANK”-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Դավիթ Կարապետյան, “News.am”-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Կոստանտին Ամիրաքյան, “iDitord”-ի տնօրեն Սամվել Մարտիրոսյան:

Վարողներ՝ ՀՖՀՀ-ի գլխավոր քարտուղար Ալեքսանդրա Թիրկյուիր Մենս, ՀՖՀՀ-ի Իրավաբանական ֆակուլտետի դեկան, Հայաստանում Սենգորի անվան ամբիոնի համակարգող Կարին Յովսէփեան, «Հանրային հաղորդակցության լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Անուշ Բեղլոյան: