Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա (ԻԿՄ) ֆակուլտետ

Նպատակները և աշխատանքային հեռանկարները

2018 թվականից ՀՖՀՀ-ում կկազմակերպվի ընդունելություն նոր՝ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա (ԻԿՄ) ֆակուլտետի բակալավրիատի համար: Բակալավրիատի առաջին երկու տարում ուսանողները կստանան հենքային գիտելիքներ տեսական և կիրառական մաթեմատիկայի անհրաժեշտ բնագավառներից, ինֆորմատիկայից, ինչպես նաև տնտեսագիտությունից և հաշվապահությունից: Առանձնահատուկ ուշադրություն կհատկացվի նաև օտար լեզուների՝ ֆրանսերենի հետ զուգահեռ ռուսերենի և անգլերենի  դասավանդմանը:

Երրորդ կուրսից սկսած նրանք կխորացնեն իրենց գիտելիքները ծրագրավորման (ալգորիթմական, ֆունկցիոնալ, վեբ), տվյալների բազաների (հենքեր) մշակման, տվյալների վերլուծության, մեքենայական ուսուցման, կրիպտոգրաֆիայի, թվային պատկերների մշակման, արհեստական բանականության  և մաթեմատիկակայի ու ինֆորմատիկայի բնագավառների այլ ուղղություններով:

Այս ֆակուլտետի գծով համալսարանի ակադեմիական գործընկերն է Պոլ Սաբատիե Թուլուզ 3 համալսարանը: ՀՖՀՀ-ն ուսումնական և գիտական նպատակներով համագործակցելու է նաև Թուլուզի ինֆորմատիկայի հետազոտական ինստիտուտի (www.irit.fr), Գիտական հետազոտությունների ֆրանսիական ազգային կենտրոնի և ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկա և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հետ:  Բակալավրիատի առաջին կուրսից կրթական ծրագիրը նախատեսում է նորարական և ձեռնարկատիրական նախագծերի իրականացում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ:

Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետում ուսումնառության ավարտին շրջանավարտներին միաժամանակ շնորհվելու են հայկական և ֆրանսիական պետական դիպլոմներ:

Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա բակալավրիատի շրջանավարտները կարող են աշխատել որպես.

  • Ծրագրավորող,
  • Համակարգչային ճարտարագետ,
  • Ինֆորմատիկայի բնագավառում նախագծերի/պրոդուկտների ղեկավար
  • Տվյալների մշակող և վերլուծաբան, և այլն:

 

Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան՝ Արամ Եսայան

 Դիպլոմները

Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն առաջարկում է կրթություն Լիսանս/Բակալավրիատում:

  • Ինֆորմատիկայի լիսանսի (Licence) ֆրանսիական դիպլոմ,
  • Ինֆորմատիկայի բակալավրի հայկական դիպլոմ: